ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Թբիլիսիում հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ։

«Մեր տարածաշրջանին եւ աշխարհին հարկավոր է խաղաղ, կայուն եւ ժողովրդավարական Կովկաս,- հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա նշել է, որ պաշտոնական շրջագայության շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի այցը եւս մեկ անգամ հաստատում է Ամերիկայի համար Վրաստանի, Կովկասի եւ Սեւ ծովի կարեւորությունը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

«Այս Նշանակությունն աճել է տարածաշրջանում նոր իրավիճակի ֆոնին։ Խաղաղությունն ալընտրանք չունի, իսկ տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական զարգացումը մեր ընդհանուր շահն է։ Այդ շահերի պաշտպանության համար Վրաստանը նախկինի պես տարածաշրջանում ԱՄՆ-ի արժանավոր գործընկերն է ու հուսալի հենակետը»,- ասել է Զուրաբիշվիլին։

Երկրի նախագահի հետ հանդիպման ժամանակ Պոմպեոն հույս է հայտնել, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող համագործակցությունը նոր մակարդակ դուրս կգա եւ կսկսվեն բանակցությունները ազատ առեւտրի շուրջ։

Զուրաբիշվիլիի  հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է կառավարական նստավայր, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի եւ ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանիի հետ։


Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին ԱՄՆ աջակցության եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցեր: Պետքարտուղարը նաեւ ուշադրություն է հատկացրել ընտրական եւ դատական ​​բարեփոխումների կարեւորությանը, հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ դեսպանատունը:

«Ամբողջ աշխարհը, այդ թվում` Վրաստանը, կանգնած են Չինաստանից դուրս եկած վիրուսի խնդրի առջեւ: Մենք միասին կհաղթահարենք դա, հոգ կտանենք մեր մարդկանց մասին եւ կստիպենք տնտեսությանն աշխատել, ինչը շատ կարեւոր է ձեր երկրի, տարածաշրջանի եւ աշխարհի բարեկեցության համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` ԱՄՆ-ին եւ Վրաստանին 30 տարի շարունակ հիանալի բարեկամական հարաբերություններ են կապում:

Վրաստանի կառավարության ղեկավարը շեշտել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել պետքարտուղարին գլոբալ համավարակի ընթացքում կատարած այցի եւ Միացյալ Նահանգների աջակցության համար:

«Մենք շատ լավ հնարավորություն ունենք քննարկելու կարեւոր հարցեր, խորացնելու ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության կոնսոլիդացման եւ ժողովրդավարության ոլորտում: Ես ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ մենք իսկապես զգում ենք, որ եկել է մեր համագործակցության եւ գործընկերության ամրապնդման եւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունը մեծացնելու ժամանակը: Եվս մեկ անգամ բարի գալուստ եւ շնորհակալություն Վրաստան կատարած այցի համար»,- Գիորգի Գախարիան դիմել է Մայք Պոմպեոյին: