Հայաստանում ռազմական դրությունը, որն իշխանությունները հարկ չեն համարում չեղարկել, ոչ միայն սահմանափակում է քաղաքացիների ազատությունը, այլ նաեւ ազդում է երկրի տնտեսական վիճակի վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ ընդդիմության պահանջի հիմնական նպատակն է ռազմական դրության չեղարկումն ու ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնումը:

«Արդյունքում ցանկացած ակցիա կարելի է ազատ անցկացնել: Այժմ դա արգելված է: Ռազմական դրության չեղարկումից հետո կարելի է խոսել ակիցաների, հանրահավաքների ազատ անցկացման եւ շատ այլ բաների մասին: Հարցերը շատ են, իսկ ռազմական դրությունն արգելքներ է սահմանում»,-պարզաբանեց Մարուքյանը:

Նա նաեւ նշեց, որ ռազմական դրության պահպանումն ազդում է նաեւ երկրի տնտեսության վրա. «Երկրում ծայրահեղ աղքատություն է, եւ մարդիկ սկսում են դա զգալ: Իսկ կառավարությունը չի չեղարկում ռազմական դրությունը միայն նրա համար, որպեսզի ուժի մեջ պահի իր արգելքները»: