Գերմանիայի ԱԳ նախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները դեկտեմբերին կարող են քննարկել Արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի գործողությունների պատճառով Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Եվրամիությունը մեկ տարով (մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը) երկարաձգել է Արեւելյան Միջերկրական ծովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար անհատական պատժամիջոցների ռեժիմի գործողության ժամկետը:

Աթենքի եւ Անկարայի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքական Oruc Reis նավը սեյսմիկական հետազոտություններ էր անցկացնում Արեւելյան Միջերկրածովյան այն շրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։ Հունաստանի Զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստականության։ Թուրքիան հետազոտություններ էր անցկացնում նաեւ այն շրջանում, որը Կիպրոսը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։

Այն բանից հետո, երբ Անկարան Oruc Reis հետազոտական նավը եւ ռազմական նավերը դուրս բերեց Արեւելյան Միջերկրական ծովից, Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 22-ին հայտնեց Թուրքիայի հետ զոնդավորող շփումների վերականգնման շուրջ պայմանավորվելու մասին, որոնք ընդհատվել էին 2016 թվականին, իսկ առաջիկայում անցկացվելու էր շփումների 61-րդ ռաունդը։