ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իմաստուն կլիներ, եթե նա ընդուներ պարտությունը նախագահական ընտրություններում եւ հեռանար, ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, փոխանցում է AP-ն:

Զեմանն այն եզակի եվրոպական քաղաքական գործիչներից է, ով սատարում էր Թրամփին 2016-ին ընտրություններում նրա հաղթանակից առաջ: Նա նշել է, որ, չնայած կարելի է վերահաշվարկ պահանջել եւ դիմել դատարան, Թրամփը պետք է գնա այլ ճանապարհով: «Ես անձամբ կարծում եմ, որ շատ ավելի իմաստուն կլինի հրաժարվել եւ թույլ տալ նոր նախագահին ստանձնել պաշտոնը»,- ասել է նա:

Թրամփը հրաժարվել է ճանաչել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: 76-ամյա Զեմանը չեխական հետկոմունիստական ​​քաղաքականության ականավոր գործիչներից է, ով զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը եւ հաղթանակ է տարել նախագահական երկու ընտրություններում:

Չեխիայի նախագահները գործադիր իշխանություն չունեն, ինչպես նրանց զմերիկացի գործընկերները, սակայն Զեմանն օգտագործել է իր ազդեցությունը` Ռուսաստանի եւ Չինաստանի հետ սերտ կապերը խթանելու համար: