Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել` ֆրանսիական Preligens (նախկինում` Earthcube) ռազմական տեխնոլոգիական ընկերության նկատմամբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերահսկողությունը թույլ չտալու համար, գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Le Figaro-ն:
2016-ին ստեղծված այս ստարտափ ընկերությունն արբանյակներից ստացված տվյալների մեծ ծավալների ավտոմատ մշակման տեխնոլոգիաներ է մշակել եւ հաջողությամբ կիրառում: Ծագրի ալգորիթմները, որոնք հիմնված են արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործման վրա, թույլ են տալիս արագ գտնել որոնվող օբյեկտները լուսանկարներում: Մշակումը նախատեսված է զինված ուժերի եւ հետախուզական ծառայությունների համար:
Le Figaro-ի փոխանցմամբ` ընկերությունն իր կապիտալում լայն մասնակցության առաջարկներ է ստացել ԿՀՎ-ին պատկանող In-Q-Tel ներդրումային հիմնադրամից: Մաժորիտար գործընկերներին գաղտնի տեխնոլոգիաների արտահոսքը կանխելու համար Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունը որոշում է կայացրեկ ֆինանսավորել ընկերությունն ազգային աղբյուրներից, ինչն էլ արվեց օրերս` 20 միլիոն եվրոյի ներդրում հատկացնելով: Դրանք տրամադրվել են երեք ֆոնդերի կողմից, որոնցից մեկը` Definvest-ը, ուղղակիորեն պատկանում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությանը:
Ինչպես ձեռնարկություն այցի ժամանակ ընդգծել է զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին, «Ֆրանսիայի համար այս ամենաարժեքավոր ընկերության ծրագրային ապահովման մշակումները գերակա դեր են խաղում երկրի համար` ապահովելով դրա ինքնիշխանությունը»: Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունն ընկերության համակարգչային ծրագրերը «եզակի է համարում արբանյակային պատկերների ավտոմատ մշակման եւ վերլուծության ոլորտում»:
Ընկերությունն իր սարքավորումներն արդեն տեղադրել է ֆրանսիական երեք ռազմաբազաներում եւ առաջիկայում եւս երեք տասնյակ օբյեկտ կհագեցնի դրանով: Ընկերության հիմնադիրները` Առնո Գերենը եւ Ռենո Ալյուն, ում պատկանում է բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայտնում են, որ մտադիր են ստացված ներդրումների մի մասն օգտագործել նոր վերլուծական ծրագրերի մշակման համար, որոնք թույլ են տալիս մշակել անօդաչու թռչող սարքերից եւ ինքնաթիռներից ուղարկված տվյալները, ինչպես նաեւ` ինտերնետից, սոցիալական ցանցերից եւ նույնիսկ Word ձեւաչափով փաստաթղթերից վերցված տվյալները:
Միեւնույն ժամանակ, ընկերությունը չի հրաժարվում միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդելու նախկին պլաններից: Այն արդեն համագործակցում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ եւ ներկայացված է եվրոպական մի շարք երկրներում: Առաջիկա 18 ամիսների ընթացքում այն գրասենյակներ կբացի աշխարհի եւս 10 երկրներում: Ներկայումս, ըստ Le Figaro-ի, ընկերության ներկայացուցչությունները գործում են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ ՆԱՏՕ-ում: Preligens-ը մտադիր է նաեւ շարունակել համագործակցությունը խոշոր կորպորացիաների հետ: Airbus Defense-ի եւ Space-ի հետ համատեղ այն արդեն ռազմական կայանքների անվտանգության համակարգ մշակել: