Ֆինանսական միջոցների անբավարարությունը բացասաբար անդրադարձավ փոստային նոր ծառայությունների մատուցման վրա: Այդ մասին Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստում ունեցած ելույթում ասաց «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Իր խոսքում նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը 2007 թ. պայմանագիր է կնքել փոստի հավատարմագրային կառավարման մասին: «Պայմանագիրն ընդհանուր առմամբ արտահայտում էր համաշխարհային փոստի զարգացման միտումները, սակայն պայմանագրի առանցքային թերությունը ներդրումների մասին դրույթի բացակայությունն էր»,- ասաց Ա. Խաչատրյանը: Այսպիսով` փոստը ստիպված էր զարգանալ ներքին ռեսուրսների հաշվին, սակայն, ըստ Ա. Խաչատրյանի` դա բավարար չէր: «Հաշվի առնելով այդ փորձը` Հայաստանի կառավարությունը հարց դրեց նոր հավատարմագրային կառավարման պայմանագրի մասին, որտեղ ներդրումային գումարը կազմում է մոտ 130 մլն դոլար»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:

Անդրադառնալով փոստային համակարգի տարածաշրջանային միտումներին` Ա. Խաչատրյանն ասաց, որ մեր տարածաշրջանի առջեւ ծառացած հիմնական խնդիրն է` արատավոր փոստային համակարգից անցում կատարել դեպի կենսունակ եւ երկարաժամկետ զարգացող փոստային համակարգին: