Հաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ «Արմենիա» հեռուստաընկերությունը պայմանագիրը չի դադարեցրել, այժմ նա աշխատում է «Բարի գիշեր» նախագծում: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տպագրել այն մասին, որ Ավետ Բարսեղյանին աշխատանքից ազատել են` եթերում «քաղբանտարկյալներ» բառը թույլ տալու համար. «Օրեր առաջ «Արմենիա»-ի ուղիղ եթերում Հովհաննես Ազոյանը զարմացրեց հանրությանը` արտասանելով «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» եւ նմանատիպ բառեր: Այդ եթերը վարում էին հաղորդավար Ավետ Բարսեղյանը եւ երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Եթերը բաժանված էր երկու մասի: Երկրորդ մասի հյուրն էր «Արմենիա»-ի ղեկավարներից մեկը, ով փորձում էր շտկել Հովհաննեսի անկեղծությունը: Այդ պահին Ավետ Բարսեղյանը թեթեւակի առարկեց ղեկավարությանը եւ փորձեց պաշտպանել Հովիկին: Դեպքից ընդամենը երկու օր անց պատճառաբանելով ոչ ճշտապահությունը եւ խոստանալով մեկ այլ հաղորդաշար` Բարսեղյանն աշխատանքից ազատ արձակվեց: Արդյոք դրա իսկական պատճառը Ավետի համարձակությո՞ւնն էր ընկերոջ խոսքը գետնով չտալու համար փորձ կատարելիս, թե՞ իսկապես ալիքի ամենառեյտինգային մարդկանցից մեկին կարող էին աշխատանքից հանել ուշանալու համար` միանշանակ պատասխան չկա: Թերթի տեղեկություններով, այդ որոշումը վատ արձագանք է ստացել Ավետի գործընկերների միջավայրում»,- գրել է «Հրապարակ» թերթը:
Գագիկ Մկրտչյանի խոսքով` Ավետ Բարսեղյանը մշտապես տարբեր հաղորդումներ է վարել «Արմենիա» հեռուստաընկերությունում, իսկ այժմ էլ մի նոր ծրագիր կա, որում հաղորդավարը եւս ընդգրկված է:




























