Այն մեղադրանքը, որը ներկայացված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին, այլեւս գոյություն չունի: Այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» խմբակցությունը:
Նշենք, որ հունիսի 3-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի կունենա Տիգրան Փոստանջյանի դեմ քրեական գործով դատական հերթական նիստը:
«Նախադեպը չունեցող այս գործի մտահղացման հեղինակները, ինչպես նաեւ կատարողները` ՀՀ գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, տեսնենք, թե վաղն ինչպիսի վարքագիծ կդրսեւորեն այն փաստի վերաբերյալ, որ ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքով այն արարքը, որով մեղադրվում է Տիգրան Փոստանջյանը, այլեւս գոյություն չունի:
Անկախ համարվող դատական իշխանության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանի համար վաղվա դատական նիստը կարող է շրջադարձային լինել: Զարուհի Փոստանջյանի եղբորը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ առաջադրած մեղադրանքը ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» մայիսի 25-ից ուժի մեջ մտած ՀՀ օրենքով, եւ դատավորը պետք է նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացներ, ինչը չի կատարել: Տիգրան Փոստանջյանի դեմ կատարված հանցագործությունը օրինականացնել փորձող յուրաքանչյուր դատավոր կդառնա մեղսակից ու հանցակից եւ չի խուսափելու պատասխանատվության իր աստիճանից: Տիգրան Փոստանջյանը 100 օրից ավելի ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, որից 22 օրը` հացադուլի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:




























