Աշխարհում ԶԼՄ-ների առնվազն 80 աշխատակիցներ են զոհվել 2020 թվականին: Այս մասին ասվում է Press Emblem Campaign (PEC) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպության ամենամյա զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարեսկզբից ԶԼՄ-ների 83 աշխատակիցներ են սպանվել 30 պետություններում: Հնդկաստանը առաջատար դիրքում է 13 սպանություններով, ապա Մեքսիկան է, որտեղ սպանվել է 11 լրագրող: Մամուլի համար ամենավտանգավոր երկրների թվում են նաեւ Պակիստանը՝ 8 սպանված լրագրող, Աֆղանստանը՝ 5, Իրաքը՝ 5, Ֆիլիպինները՝ 4 եւ Հոնդուրասը՝ 4: Լրագրողների սպանության 3-ական դեպք է գրանցվել Վենեսուելայում, Նիգերիայում եւ Սիրիայում, 2-ական դեպք՝ Բրազիլիայում, Գվատեմալայում, Լիբերիայում եւ Սոմալիում»,-նշում է PEC-ը:

16 երկրների թվում, որտեղ զոհվել է մեկ լրագրող, ներառվում է Ռուսաստանը: PEC-ը նշում է, որ Ռուսաստանի դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է: Կազմակերպությունը ցուցակում է ներառել Իրինա Սլավինային՝ «Կոզա պրեսի» խմբագրին, ով հոկտեմբերի 2-ին ինքնասպան է եղել Նիժնի Նովգորոդում ՆԳՆ շենքի դիմաց:

Անցած տարի, PEC տվյալներով, սպանվել է 75 լրագրող, 10 տարում 1180 լրագրող: Բացի այդ, 2020-ի մարտից կորոնավիրուսից մահացել է մամուլի ավելի քան 520 աշխատակից:

2004-ին հիմնադրված Press Emblem Campaign-ը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ին առընթեր: Նրա զեկույցների համար տեղեկատվության աղբյուրը մամուլի, ՄԱԿ-ի եւ հասարակական կազմակերպությունների հաղորդագրություններն են: