Թերթը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:
Հարցին` արդյոք Տեր-Պետրոսյանը հրաժարվե՞լ է ծայրահեղականությունից, եթե արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը եւ ավազակապետության դեմ արաբական սցենարով հեղափոխական պայքարը թողնում է օրակարգում, Իսկանդարյանը պատասխանել է.
«Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական գործիչ է եւ քվեներ ստանալու համար քվեատուներին իր կողմը գրավելու խնդիր ունի: Քաղաքական գործիչը սուրբ մարգարե չէ, որ ճշմարտությունից բացի այլ բան չասի: Խոսքը քաղաքական գործչի զենքերից մեկն է, եւ ՀԱԿ առաջնորդը շատ լավ գործածում է իր խոսելու ունակությունը: Եթե նա պետք է քվեներ ստանա, ապա չի կարող հրաժարվել արմատական հռետորությունից:
Բայց դա նախկինում էլ կար, ու հիմա այս հռետորությունը, արտահերթ ընտրությունների պահանջները կհնչեցնի Փաշինյանը: Իսկ ոչ արմատական քվեատուների քվեները ստանալու համար նոր` քաղաքակիրթ քաղաքական տարր է ներմուծվել, որն արտահայտելու պարտավորությունը ստանձնել է ՀԱԿ առաջնորդը: Թերահավատ եմ, թե նրան ինչ-որ բան կհաջողվի, քանի որ որքան մոտենանք ընտրություններին, այնքան արմատական հռետորությունը կգերակայի:
ՀԱԿ-ը որոշակի ու անխուսափելի դժվարությունների առջեւ է հայտնվելու, քանի որ այս քաղաքական հոսանքում շատ ավելի շատ են արմատականորեն տրամադրվածները: Եթե ՀԱԿ-ում պառակտում լինի, ապա ներքաղաքական զարգացումների ընթացքն ավելի խայտաբղետ կդառնա: Հետեւաբար բոլորովին էլ բացառված չէ, որ երկխոսությունը, որի մասին բոլորը խոսում են, չկայանա:
Երկխոսությունը պետք է արդյունք ունենա: Բայց իշխանությունը առանձնակիորեն կարեւորում է հենց ՀԱԿ-ի հետ երկխոսությունը, քանի որ մյուս բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի հետ երկխոսություն վաղուց կա, եւ նրանք չեն վիճարկում` ընտրությունների գնալ, թե իրար գլուխ ջարդել: ՀԱԿ-ի հետ երկխոսություն չի եղել, ուստի իշխանությունը ցանկանում է վերացնել այս անհարմարությունը եւ արմատական ուժին բերել կառուցողական քաղաքական համակարգ:




























