Թերթի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: 2007-ի ընտրություններում Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում եւ զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը: Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, եւ ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը: Իսկ 2007-ին Էրեբունին ընդգրկող տարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ առաջադրված միակ թեկնածուն` Արմեն Պուրտոյանը: Թերթի տեղեկություններով, սակայն, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց, եւ անկախ նրանից` իշխանությունները կսատարեն նրա նախաձեռնությունը, թե ոչ, վերջինս փորձելու է պատգամավոր դառնալ: