Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է «Հայռուսգազարդի» 2011-13 թվականների ներդրումային ծրագիրը:

Ըստ այդմ` առաջիկա 3 տարիների ընթացքում «Հայռուսգազարդը» պատրաստվում է իրականացնել 14.8 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) ներդրումներ: Դրա մեծ մասը` 8.5 մլրդ դրամ (մոտ 23 մլն դոլար) պետք է կատարվի 2011 թ.:

2011 թ. ամենախոշոր ներդրումային հոդվածը 130 հազ. ազդանշանային սարքերի ինքնաշխատ վթարային կապույրների տեղակայումն է` 3 մլրդ դրամի (մոտ 8 մլն դոլար) չափով:

Գազափոխադրման համակարգի վերակառուցմանն ուղղված ներդրումները 2011 թ. կկազմեն 2.7 մլրդ դրամ (մոտ 7.3 մլն դոլար): Այդ գումարի կեսը կուղղվի մայրուղային գազատարների վերանորոգմանը կամ փոխարինմանը`Երեւան-Արմավիր, Ղազախ-Բերդ-Սեւան, Վարդենիս-Ջերմուկ եւ այլ հատվածներում: Գումարի մյուս կեսը կծախսվի գազաբաշխիչ կայանների ու այլ ինժեներական ենթակառուցվածքների վրա: Մասնավորապես` կկառուցվի Հայաստան մուտք գործող գազի մաքրման հանգույց: