Թերթի տեղեկություններով, այս օրերին Ավանի աղի հանքի տնօրինությունը կապեր է փնտրում Չինաստանի հետ, որպեսզի կազմակերպի յոդացված աղի խոշոր խմբաքանակների արտահանումն այդ երկիր: Նոր բիզնես ծրագրեր է հուշել Չինաստանում տիրող աղային խուճապը` կապված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքով ռադիոակտիվ տարրերի դեմ պայքարելու անհրաժեշտության հետ:
ԶԼՄ-ները գրել են, որ պարենային խանութներից մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց շարքում առաջին տեղում աղն է, որովհետեւ հայտնի է, որ ի տաբերություն արդեն իսկ վարակված եւ վտանգավոր ծովային աղի, յոդացված աղն օգնում է, որպեսզի օրգանիզմն ավելի արագ հաղթահարի ճառագայթման ազդեցությունը: Չնայած չինական իշխանությունների կողմից տարածվող բացատրություններին, թե վտանգն այլեւս անցած է, եւ կարիք չկա խուճապահար աղ գնել, աղը անհետացել է Պեկինի, ինչպես նաեւ մի քանի գավառների պարենային խանութներից: Ըստ լուրերի Ղուկասյաններն այնքան են ոգեւորվել, որ մտածել են` հայկական աղի պաշարները չեն բավականացնի, եւ գուցե հարկ լինի` նախ այլ երկրից աղ ներմուծել, ապա արտահանել Չինաստան:



























