Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը գերազանցել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին երկրի բնակչության շրջանում սիրված լինելու ցուցանիշով: Այդ մասին վկայում են կիրակի հրապարակված հարցման տվյալները, որն անցկացրել է Kantar կազմակերպությունը Bild am Sonntag թերթի համար:
Համաձայն հետազոտության տվյալների՝ հարցվածների 52 տոկոսը կողմ է արտահայտվել, որ 2021 թվականին Շպամն ունենա առավելագույն ազդեցություն Գերմանիայի քաղաքականության վրա: 2019 թվականին այդ կարծիքն է արտահայտել միայն 28 տոկոսը: Շպանը հատկապես բարձր վարկանիշ է վայելում կանանց շրջանում (66 տոկոս):
«Շպանը, իսկապես, տարվա հաղթող է: Քաղաքացիների տեսանկյունից նա իրականացնում է լավ քաղաքականություն կորոնավիրուսի պայմաններում»,-փաստել է Kantar-ի փորձագետը:
Անցած տարի առաջին տեղը զբաղեցրած Մերկելն այս տարի երկրորդ հորիզոնականում էր (51 տոկոս): Հնգյակում հայտնվել են նաեւ Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը (50 տոկոս), փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը (47 տոկոս) եւ ԱԳ նախարար Հայկո Մաասը (40 տոկոս):
Հարցմանը մասնակցել է 505 մարդ: Թերթն առաջարկել է նրանց ըստ հերթականության դասակարգել 18 քաղաքական գործիչներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























