Գերմանացի քաղաքական գործիչները Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են անում ազատել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին՝ նախօրեին Լոնդոնի դատարանի կայացրած նրան ԱՄՆ արտահանձնելու մասին որոշման ֆոնին, հայտնում է DW-ն:
«Փորձագետները Լոնդոնում ընթացած դատավարությունը համարում են քաղաքականորեն պատճառաբանված»,- հունվարի 3-ին հայտարարել էր Բունդեսթագում Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցության անդամ Գիդե Յենզենը:
Յենզենը հիշեցրել էր ՄԱԿ հատուկ զեկուցող Նիլս Մելցերի եզրահանգումները դատավարության անբավարար թափանցիկության եւ մարդու իրավունքների ստանդարտները չպահպանելու մասին: 2020 թվականի հունիսին DW-ի հետ զրույցում Մելցերը նաեւ հայտնել էր, որ Ասանժին երկու բժիշկ է զննել, որոնք մասնագիտացած են խոշտանգումների զոհերի հետազոտության գործում, եւ հանգել են այն եզրակացության, որ WikiLeaks-ի հիմնադրի մոտ առկա են բոլոր ախտանշանները, որոնք վկայում են, որ նա վերապրել է երկարատեւ հոգեբանական կտտանքներ: Յենզենի խոսքով՝ Ասանժին ԱՄՆ-ին հանձնելը կսպառնար նրա կյանքին եւ նախադեպ կդառնար այլ լրագրողների համար:
Ասանժի ազատմանը հասնել փորձող միջխմբակցային խմբի մեջ, բացի ԱԴԿ քաղաքական գործիչներից, մտնում են Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Կանաչների» եւ Ձախ կուսակցության պատգամավորներ:
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից պահանջում է Ասանժին արտահանձնել: Վաշինգտոնի տեղեկություններով՝ WikiLeaks-ի հիմնադիրը ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգին (հետագայում սեռը փոխել է եւ դարձել Չելսի Մենինգ) օգնել է հասանելիություն ստանալ գաղտնի նյութերին, որոնք առնչվում էին Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին: WikiLeaks-ում այս նյութերի հրապարակման հետեւանքով հանրությանը հայտնի են դարձել մի շարք հանցագործությունների մասին, որոնք ամերիկացի զինվորները կատարել էին Մերձավոր Արեւելքում:
Միացյալ Նահանգներում Ասանժին մեղադրում են «երկրի պատմության մեջ գաղտնի տեղեկությունների ամենախոշոր հափշտակության մեջ»: Մեղավոր ճանաչվելու դեպքում Ասանժին ընդհանուր սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն։
Ասանժը 2012-2019 թվականներին թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: 2019-ի ապրիլին Էկվադորի իշխանությունները բրիտանական ոստիկանությանը թույլ էին տվել մտնել դեսպանատուն եւ նրան կալանավորել: Այդ ժամանակից ի վեր Ասանժը Լոնդոնի Բելմարշ բանտում է գրավով ազատվելու պայմանների խախտման պատճառով: Խոսքը 2012 թվականի իրադարձությունների մասին է: Ասանժին այդ ժամանակ Շվեդիայում մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ, եւ Մեծ Բրիտանիայում պետք է լուծվեր նրա արտահանձնման հարցը: Գրավով ազատվելով՝ Ասանժը չէր ներկայացել դատարան եւ թաքնվել էր Էկվադորի դեսպանատանը: Ավելի ուշ Շվեդիայի իշխանությունները այդ գործը փակել էին:





























