Կիրակի Երուսաղեմում հազարավոր օրթոդոքս հրեաներ մասնակցել են 99-ամյա հայտնի ռաբբի Մեշուլամ Սոլովեյչիկի հուղարկավորությանը՝ խախտելով հակակորոնավիրուսային սահմանափակումները, հաղորդում է Associated Press-ը:

Մարդկանց բազմությունը հավաքվել էր ռաբբի տան մոտ՝ հրապարակայնորեն անտեսելով ավելի քան 10 հոգուց կազմված հավաքներ անցկացնելու սահմանափակումը:

Ոստիկանները փակել են խաչմերուկները, որպեսզի թույլ տան հավաքի մասնակիցներին անցնել, սակայն, կարծես, չեն ձեռնարկել գործողություններ այն կանխարգելելու համար:

Իսրայելի ԶԼՄ-ները հաղորդում են, որ հայտնի կրոնական գործիչը վարակվել էր կորոնավիրուսով:

Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 640 000 դեպք եւ առնվազն 4745 մահ համավարակի ամբողջ ընթացքում: Միեւնույն ժամանակ Իսրայելն ապահովել է ավելի քան 3 միլիոն քաղաքացու պատվաստումը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է բնակչության թվով: