Բունդեսվերը Պորտուգալիա կուղարկի բժշկական անձնակազմ եւ սարքավորումներ, քանի որ Պորտուգալիայի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում վերջանում են տեղերը կորոնավիրուսով վարակման կտրուկ աճի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Գերմանիայի Պաշտպանության նախարարությանը:

Spiegel պարբերականը պատմել է, որ գերմանացի զինվորականները պատրաստվում են Պորտուգալիա ուղարկել 27 բժիշկ եւ ֆելդշեր, որոնք, նախնական ծրագրի համաձայն, կմնան այնտեղ երեք շաբաթ, ինչպես նաեւ թոքերի արհեստական օդափոխման ստացիոնար եւ շարժական սարքեր, դաշտային մահճակալներ պացիենտների համար:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի ամբողջ ընթացքում Պորտուգալիայում հայտնաբերվել է ավելի քան 711 հազար վարակման դեպք, վարակի հետ կապված հիվանությունների հետեւանքով մահացել է 12,1 հազար մարդ:

Ավելի վաղ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ներկայում երկիրն ապրում է կորոնավիրուսի համավարակի «սարսափելի ժամանակաշրջան», եւ կարող է մի քանի շաբաթ պահանջվել մինչեւ իրավիճակի բարելավումը: