Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հույս ունի, որ օգնություն կստանա Գերմանիայից եւ ՄԻԵԴ-ից, հայտնել է նրա գերմանացի փաստաբան Նիկոլաոս Գացեասը Frankfurter Allgemeinen Sonntagszeitung պարբերականին:
Փաստաբանի խոսքով՝ նա հույս ունի, որ ԵՄ անդամ պետությունները կներառեն նրա պաշտպանյալի կալանքը Նախարարների կոմիտեի նիստի օրակարգում:
Գացեասը նաեւ նշել է, որ Մոսկվայում Նավալնիի կալանքը խախտում է ՄԻԵԴ-ի որոշումը: Ընդդիմադիրը ձերբակալվել է փորձաշրջանի պայմանները խախտելու պատճառով, որոնք բխում են ՄԻԵԴ-ի կողմից անվավեր ճանաչված պայմանագրից: Ուստի փաստաբանը դիմել է Գերմանիայի իշխանություններին Ռուսաստանի դեմ սեփական հետաքննությունը նախաձեռնելու խնդրանքով՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենացիայի 46-րդ հոդվածի համաձայն, հաղորդում է DW-ը:
Այդ հոդվածի կիրառման շրջանակում ծայրահեղ միջոց է ՄԻԵԴ-ի որոշումներն անտեսող պետությանը Եվրոպայի Խորհրդից հեռացնելը:
Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռյոթգենն ու ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Անդրեաս Նիքը հայտարարել են, որ Նավալնիի ձերբակալությունը պետական կամայականություն եւ անհավատալի այլասերում է: Պետությունը, որը պատասխանատու է Նավալնիին թունավորելու համար, այժմ ձերբակալել է իր զոհին, նշել են քաղաքական գործիչները: «Մենք կոչ ենք անում դաշնային կառավարությանն ակտիվորեն գործել այդ իրավիճակում»,-եզրափակել են նրանք:





























