Մոսկվայում չարտոնագրված ակցիան ավարտվել է: ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ոստիկանությունը դուրս է մղել փողոցներից հավաքված բազմությանը, նրանց մեծամասնությունը մետրո է մտել եւ հեռացել:

Կոմսոմոլսկի հրապարակում ոստիկանները հեռացնում են շղթաները, որոնցով արգելափակել էին տարածքը: Մյուս կենտրոնական փողոցներում իրավիճակը նույնպես հանդարտ է՝ չնայած մետրոյի կայարանների մոտ հերթապահում են ոստիկանները:

ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ չարտոնագրված ակցիաների մասնակիցները կազմակերպել էին քայլերթ Կոմսոմոլսկի հրապարակից մինչեւ «Մատրոսկայա Տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ պահվում է Ալեքսեյ Նավալնին: Ճանապարհին նրանք փակել են փողոցները, կազմակերպել են բախումներ ոստիկանների հետ եւ նրանց վրա ձնագնդեր նետել: Ոստիկանությունը Ռոսգվարդիայի հետ բերման է ենթարկել ցուցարարներին՝ օգտագործելով հատուկ միջոցներ դիմադրություն ցուցաբերողների նկատմամբ: Հավաքվածների մի մասին բերման են ենթարկել նաեւ քննչական մեկուսարանի հարեւանությամբ: Այդտեղից որոշ մասնակիցներ վերադարձել են Կոմսոմոլսկի հրապարակ, որտեղ ոստիկանությունը հատուկջոկատայինների հետ համատեղ ուժերով դարձյալ կասեցրել է հանրահավաք կազմակերպելու փորձը:

Մոսկվայի ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է շուրջ 2000 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 150 մասնակից: ՆԳՆ-ից եւ Գլխավոր դատախազությունից բազմիցս կոչ են արել չմասնակցել չարտոնագրված միջոցառումներին՝ նախազգուշացնելով ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության մասին: