Մեն նահանգի նախկին ռազմաբազայում տեղի է ունեցել կենսավառելիքով աշխատող Stardust 1.0 նոր հրթիռի դեբյուտը, հայտնում է BBC-ն:

Stardust-ը աշխարհում կենսավառելիքով աշխատող առաջին կրիչն է: Գյուտարար Սաշա Դերին դեռ չի հայտնել դրա բաղադրությունը, սակայն ասել է, որ անհրաժեշտ բաղադրիչները կան աշխարհի ֆերմաներում: Վենչուրային bluShift Aerospace ընկերության հիմնադիրն ու ղեկավարը եւ նրա թիմը աշխատել են վեց տարի՝ կատարելագործելով վառելիքի բանաձեւը եւ ստեղծելով դրան համապատասխան օրիգինալ մոդուլային հիբրիդային շարժիչ:

«Մենք ձգտում ենք ապացուցել, որ կենսավառելիքը ունակ է հրթիռային ավանդական վառելիքից ոչ վատ, որոշ դեպքերում ավելի լավ աշխատել։ Այն նվազեցնում է մեկ կիլոգրամ բեռն ուղեծիր հասցնելու ծախսերը եւ բոլորովին թունավոր չէ, ինչը ավելի լավ է մոլորակի էկոլոգիայի համար»,- ասել է Սաշա Դերին:

Stardust-ն ընդամենը վեց մետր երկարությամբ ու 250 կիլոգրամ քաշով փոքր հրթիռ է: Բայց դա բավականին էժան է, չի պահանջում բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, ուստի կարող է արձակումներն ավելի մատչելի դարձնել: Փոքր ընկերությունները, անհատ հետազոտողները եւ նույնիսկ ուսանողները կկարողանան ավելի հաճախ փորձեր կատարել եւ տիեզերքում տարբեր ապրանքներ թեստավորել։

«Մենք ունենք տիեզերական բեռնատար գնացքներ՝ ի դեմս SpaceX-ի (Իլոն Մասկի ընկերությունը) ու ULA-ի (Boeing-ի եւ Lockheed Martin-ի համատեղ ձեռնարկությունը), եւ տիեզերական ավտոբուսներ` միջին չափի հրթիռների»,- ասում է Սաշա Դերին: «Դրանք տոննաներով բեռներ են ուղեծիր հանում: Բայց դեռեւս չկա մեկ-երկու ծանրոցների առաքման տիեզերական ծառայություն: Չկա տիեզերական Uber: Ահա, մենք ուզում ենք դառնալ այդպիսի Uber»: