Թերթը գրում է, որ Կարսի «մարդկության» հուշարձանի հեղինակը Թալեաթ փաշայի մոլի երկրպագուն է:

«Մինչ տեղեկությունը մանրամասնելը, նշենք, որ այսպես կոչված հայ-թուրք բարեկամությունը խորհրդանշող այս հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Մեհմեդ Աքսոյը, ապամոնտաժվեց, երբ տարվա սկզբին Թուրքիայի վարչապետ Էրդողանը դա բնութագրեց «անճոռնի»: Ապամոնտաժման Կարսի քաղաքապետարանի հունվարին ընդունած որոշմանը Աքսոյը արձագանքում էր բուռն հակազդեցությամբ:

Մինչ ավարտվում էին Կարսի «մարդկության» հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները, ահա քանդակագործ Աքսոյը հարցազրույց է տալիս «Էրգենեքոնի» գործով կալանված Դողուլ Փերինչեքի «Այդընլըք» թերթին եւ անմոռանալի է համարում այս գործչի նախաձեռնությամբ Շվեյցարիայում կազմակերպված «Թալեաթ փաշա» երթը, ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Այս հարցազրույցը զարմանք է պատճառում ինչպես «Դունիա բուլթենի» կայքէջին, այնպես էլ «Ենի շաֆաք» թերթի հեղինակ Սալիհ Թունային: Վերջինը գրում է. «Եթե չլիներ այս հարցազրույցը, ապա ես չէի իմանա Փերինչեքին խորհրդարանում տեսնելու Մեհմեդ Աքսոյի ցանկության մասին: Մենք կարծում էինք, որ նա իբրեւ «մարդկության» հուշարձանի հեղինակ դատապարտում է հայերի տեղահանությունը, մինչդեռ նա «Թալեաթ փաշա» կոմիտեի երկրպագուն է եղել»:

Կառավարամետ «Ենի շաֆաքի» հեղինակին հավելում է «Դունիա բուլթենի» կայքէջը, գրելով. «Երբ վարչապետ Էրդողանը անճոռնի որակեց Կարսի արձանը, Մեհմեդ Աքսոյը հայերի բարեկամի կերպարանք ընդունելով, օրեր շարունակ հեռուստաէկրաններից դատապարտեց նրան, թե Էրդողանը դրանով փչացնում է հայ-թուրքական հարաբերությունները: Հիմա արդեն նա Փերինչեքին պատգամավոր տեսնելու ցանկություն է հայտնում, հիացմունքով է արտահայտում հայերի դեմ վերջինի մղած պայքարի մասին եւ անմոռանալի համարում «Թալեաթ փաշա» հակահայ երթը»,- գրում է «Ազգը»: