Հայտնի մեքսիկական նկարչուհի Ֆրիդա Կալոյի շուրջ 1000 աշխատանք, որոնք պահվում էին մասնավոր հավաքածուներից մեկում, փորձագետները համարել են կեղծված: Կեղծված գործերը պատկանում են հայտնի մեքսիկական արտդիլեր Կարլոս Նոյոլեին եւ նրա կնոջը: 1200 առարկաներից բաղկացած հավաքածուն, որոնց մեջ են մտնում կտավներ, էսքիզներ, եւ Կալոյի նամակները, Նոյոլան ձեռք է բերել 2005 թվականին:

Փորձագետների խոսքով` Նոյոլայի հավաքածուի աշխատանքները, որոնք ցուցադրվել են Սան-Միգել-դե-Ալենդե քաղաքի պատկերասրահում, կեղծված են: Մասնավորապես, ինչպես նշել է Ֆրիդա Կալոյի  թանգարանի տնօրենը, բոլոր ներկայացված կտավները մակագրված են միակերպ, մինչդեռ հայտնի է, որ նկարչուհին տարբեր մակագրություններ է օգտագործել: Մեկ այլ փորձագետ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Նոյոլայի հավաքածուի բոլոր առարկաները չունեն համապատասխան հավաստագիր առ այն, որ  դրանք իսկապես պատկանում են Կալոյին:

 Նոյոլայի հավաքածուի բնօրինակ լինելու հանգամանքը կասկածի տակ է դրվել դեռեւս 2009 թվականին: Այդ ժամանակ ԱՄՆ-ում լույս տեսավ Բարբարա Լիվայնի «Ֆրիդա Կալոյի փնտրտուքները» գիրքը, որում առաջին անգամ նկարագրվում էին մեքսիկացի արտդիլերին պատկանող հավաքածուի առարկաները: Այդ ժամանակ հավաքածուն չէր ցուցադրվում լայն հասարակությանը: Շատ փորձագետներ անմիջապես նկատեցին, որ գրքում նկարագրվող` նկարչուհուն պատկանող  առարկաները բնօրինակ չեն: Նոյոլան, իր հերթին, հայտարարել էր, որ նախքան իր հավաքածուն ձեռք բերելը նա ստուգել է դրա իսկությունը, ինչը նրա մոտ կասկած չի հարուցել: Նա միաժամանակ ընդգծել է, որ հավաքածուն ձեռք է բերել ոչ վերավաճառելու նպատակով:

Մեքսիկայի իրավապահ մարմինների խոսքով` Կալոյի կեղծված հավաքածուի սեփականատիրոջը դժվար թե սպառնա քրեական  հետապնդումը, քանի որ նա չի մասնակցել կեղծիքին: