Առաջիկա 15 օրվա ընթացքում «Նաիրիտը» կմարի աշխատավարձի պարտքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը:
Նա դժվարացավ աշխատավարձերի պարտքերի կոնկերտ գումար նշել, բայց հայտնեց, որ գործարանն աշխատակիցներին պարտք է 2-3 ամսվա աշխատավարձը: Միաժամանակ նա նկատեց, որ մշակվել է քիմիական հսկայի վարակենդանացման շատ իրատեսական ծրագիր, որը կիրագործվի համապատասխան օպերատոր գտնելու դեպքում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, թե գործարանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում լեհական ընկերությունը` չներկայացնելով մանրամասները: Այդ մասին Հարությունյանը դժվարացավ ինչ-որ տեղեկություն տրամադրել, քանի որ տեղյակ չէր լեհերի հետաքրքրվածության մասին:
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 10-ի կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին կոչ էր արել «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակն առավել թափանցիկ դարձնել` քննադատությունից խուսափելու համար: Այս կապակցությամբ Հարությունյանը նկատեց, որ իրավիճակն ավելի քան թափանցիկ է, ամեն ինչ շարադրված է գործարանի զարգացման ծրագրում, որը տեղադրված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կայքում:
Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արհեստական կաուչուկ արտադրող գործարանը ժամանակ առ ժամանակ պարապուրդի է մատնվում`վաճառահանման շուկաների եւ ներդրողի բացակայության պատճառով:




























