Պետական տարբեր կառույցներ ուղարկվել է ընդհանուր առմամբ 251 հարցում: Մասնավորապես՝ հարցումներ են ուղարկվել վարչապետին, փոխվարչապետներին, 10 նախարարների, երկրի Կառավարությանը ենթակա 5 մարմինների ղեկավարների եւ վարչապետին հաշվետու 2 կառույցների ղեկավարների: Այս մասին փետրվարի 16-ին նոր տիպի կորոնավիրուսի կանխման համար Կառավարության եւ պարետատան ընդունած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորի խոսքով՝ առավել հաճախ հանդիպող հարցերի թվում են կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հաղթահարման ծրագրերի, ֆինանսավորման ուղղությունների եւ գնումների կազմակերպման կարգի հետ կապված հարցերը:
Դրանից բացի, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում սահմանափակումների, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի վերահսկման հարցը, ինչպես նաեւ հանրահավաքների եւ երթերի կազմակերպումը: Խաչատրյանը հայտնեց նաեւ Վիճակագրական կոմիտեից սպասվող պատասխանի մասին, որի հիման վրա հնարավոր կլինի կատարել որոշակի եզրահանգումներ: Հարցումներ են ուղարկվել նաեւ Հաշվեքննիչ պալատ, օմբուդսմենի գրասենյակ, գլխավոր դատախազություն եւ Կենտրոնական բանկ:
«Պատասխանները ստանալու գործընթացում հանձնաժողովը կատարելու է ստեղծված իրավիճակի վերլուծություն, որից հետո կպատրաստվի վերջնական զեկույցը, որը կներկայացնեն խորհրդարանի լիագումար նիստում»,- նշեց հանձնաժողովի ղեկավարը:





























