ԱՄՆ-ն Բելառուսի 43 քաղաքացիների վիզա տրամադրելու արգելք է սահմանել, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակցել են բողոքի խաղաղ ցույցերի ճնշմանը եւ անկախ լրագրողների ու իրավապաշտպանների վրա ճնշում գործադրելուն:
«Պետքարտուղարությունը մուտքի սահմանափակումներ է մտցրել Բելառուսի 43 քաղաքացիների համար, որոնք իրենց երկրում ժողովրդավարությունը խափանում են: Այդ մարդիկ այսուհետեւ ԱՄՆ մուտք գործելու իրավունք չունեն»,- նշված է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են մտցվում «արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների, իրավակարգի պահպանման ուժերի հրամանատարների եւ անվտանգության ուժերի շարքային աշխատակիցների դեմ, որոնք խաղաղ ցուցարարների դեմ կատարել են հակաիրավական գործողություններ»: Ցուցակում են հայտնվել նաեւ դատավորներ ու դատախազության աշխատակիցներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, որոնք «սպառնացել են բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող սովորողներին»: Պատժամիջոցների ենթարկված մարդկանց անունները չեն հրապարակվում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Պետքարտուղարությունը հիշեցնում է, որ նախկինում համանման խախտումների համար ԱՄՆ վարչակազմն արդեն պատժամիջոցներ սահմանել էր 66 անձանց դեմ:





























