Ավստրալիայի իշխանությունները եւ Facebook-ը համաձայնության են հասել, որը թույլ կտա պետության տարածքում ամբողջ ծավալով վերականգնել թվային պլատֆորմի աշխատանքը: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր գանձապետ Ջոշ Ֆրայդենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը փոփոխություններ կկատարի լրատվամիջոցների եւ թվային պլատֆորմների հետ բանակցությունների վարման կոդեքսում: Այդ փոփոխությունները հստակություն կմտցնեն այն առումով, թե կոդեքսը կոնկրետ ինչպես պետք է գործի, եւ կամրապնդեն լրատվամիջոցների կողմից արդարացի պարգեւատրման պահանջի հիմնավորումները: Դրանք նաեւ կապահովեն առեւտրային հարաբերությունների կառուցման եւ կոդեքսի կարգավորման դաշտից դուրս բանակցությունների վարման խթանումը»,- նշված է գլխավոր գանձապետի հայտարարության մեջ:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ փոփոխությունները թույլ կտան որոշել Ավստրալիայի մեդիաարդյունաբերության զարգացման մեջ թվային պլատֆորմի մասնակցության աստիճանը եւ ավելի հստակ կձեւակերպեն հիմնավորումները, որոնց դեպքում լրատվամիջոցների ու տեխնոլոգիական ընկերությունների վրա կտարածվի կոդեքսի գործողությունը: Փոփոխությունները նաեւ կսահմանեն վերջնական առաջարկ հասկացությունը, որից հրաժարվելը արբիտրաժին դիմելու պատճառ կդառնա:

Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Facebook-ի կառավարիչ-տնօրեն Ուիլյամ Իսթոնը խոստացել է, որ համաձայնության հասնելուց հետո Ավստրալիայի տարածքում համանուն սոցիալական ցանցի գործառույթներն ամբողջ ծավալով կվերականգնվեն: «Մենք մեր գոհունակությունն ենք հայտնում, որ Ավստրալիայի կառավարությունը համաձայնվեց մի շարք փոփոխությունների եւ երաշխիքների, որոնք փարատում են կոդեքսի վերաբերյալ մեր հիմնական մտահոգությունները: Արդյունքում, մենք առաջիկա օրերին կկարողանանք ավստրալացիների համար վերականգնել Facebook-ում լուրերի [հրապարակման հնարավորությունը]»,- նշել է Իսթոնը:

Փետրվարի 18-ին Facebook-ի ղեկավարությունը Ավստրալիայում բոլոր օգտատերերի համար անջատել էր հրապարակման, դիտումների եւ տեղական ու միջազգային լուրերի տարածման գործառույթները, քանի որ երկրի կառավարությունը մտադիր էր ներդնել լրատվամիջոցների հետ բանակցություններ վարելու կոդեքս: Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Facebook-ի կառավարիչ-տնօրենը հայտարարել էր, որ այդ օրենքն իրենց ստիպում է վճարել «կոնտենտի համար, որն իրենք չեն խնդրել», եւ պայմաններ է ստեղծում, որի դեպքում երկրի կառավարությունն է որոշելու, թե ով եւ ինչ համաձայնագրեր է կնքում, ինչպես նաեւ որոշելու է, թե ով եւ որքան է վճարում:

Մեդիաշուկայի խաղացողների վարքագծի կոդեքսը, որը կարգավորում է թվային պլատֆորմների եւ լրատվամիջոցների առեւտրային հարաբերությունները, անցած շաբաթ ստացել էր երկրի Ներկայացուցիչների պալատի հավանությունը եւ ներկայացվել Սենատի քննարկմանը: Սպասվում է, որ փաստաթուղթը, որը պետք է վերացնի ավստրալական մեդիաընկերությունների եւ թվային հսկաներ Google-ի ու Facebook-ի միջեւ բանակցային ծայրահեղ մեծ անհավասարակշռությունը, կստանա խորհրդարանի հավանությունը եւ ուժի մեջ կմտնի մարտի առաջին տասնօրյակում: