Դեռևս չպարզված հանգամանքներում Թեհրանում վայրէջք կատարած ամերիկյան Boeing 737 օդանավը ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է հունվարին և շահագործվում է «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով հայկական գրանցում ունեցող օդանավի հետ կապված աղմկահարույց միջադեպին։ Խաչատրյանը պարզաբանեց, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր գրանցված օդանավերը պետք է առաջին վեց ամսում Հայաստանում գտնվեն։
Նշենք, որ «Fly Armenia Airways» ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական է ստացել նախորդ տարի։ Ըստ փորձագետի՝ հավանաբար կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված նախորդ տարի օդանավը չի բերվել Հայաստան։
«Կամ հունվարին գրանցել են՝ Քաղավիացիայի կոմիտեին հավաստիացնելով, որ օրինակ՝ օդանավը կներկվի, նոր կբերեն Հայաստան, և այդ հիմնավորմամբ օդանավն ուղարկել են Էստոնիա կամ ընդամենը մի չվերթի թույլտվություն են ստացել, որպեսզի օդանավը Տալլինից գա Երևան և վերջնական գրանցում ստանա, կամ գուցե մի քանի անգամ արդեն եղել է Երևանում. սրանք հարցեր են, որոնց պատասխանը քաղավիացիայի կոմիտեն պետք է տա»,–ասաց փորձագետը՝ նշելով, որ քաղավիացիայի վարչության պարզաբանումներն իրեն չեն բավարարում։
Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ ավիացիոն ոլորտում թռիչքային անվտանգության խիստ կանոններ կան և եթե Էստոնիայի թռիչքուղուց օդանավը բարձրացել է օդ, նշանակում է ի սկզբանե որոշված է եղել, թե որտեղ պետք է այն վայրէջք կատարեր։
«Եթե օդանավը հատել է ՀՀ օդային տարածքը և պատրաստվում էր վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել, օդաչուն պետք է տեխնիկական վայրէջք կատարեր ՀՀ մյուս՝ «Շիրակ» օդանավակայանում։ Սակայն ամերիկյան արտադրության օդանավը հատել է Իրանի օդային տարածքը և վայրէջք կատարել Թեհրանում»,– ասաց նա՝ նկատելով, որ այս միջադեպի արդյունքում Հայաստանը փչացնելու է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ։
«Ամերիկյան սանկցիաները պարտադիր են տվյալ գերտերությանը հարգող բոլոր պետությունների համար, և եթե ԱՄՆ–ն արգելում է օդանավ, ընդհուպ մինչև օդանավի պահեստամաս ուղարկել Իրան, ապա այդ արգելքը խախտելը կարող է լուրջ խնդիրներ հարուցել տվյալ երկրի համար։ Պարզ է, որ Իրանի ավիացիոն իշխանությունները տեղյակ են եղել հյակական գրանցման օդանավի վայրէջքից, հակառակ դեպքում չէին թույլատրի օդանավին՝ մուտք գործեր իրենց տարածք։ Հիմա, երբ հայկական գրանցում ունեցող օդանավը վայրէջք է կատարում Թեհրանում և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն դրան որևէ ադեկվատ պատասխան չի տալիս, ինձ մոտ, որպես մասնագետի բազմաթիվ հարցեր են առաջանում»,–ասաց նա։
Ըստ փորձագետի՝ քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ նրանք տեղյակ են եղել այդ վայրէջքից և ամեն ինչ տեղի է ունեցել իրենց «դաբրոյով»։ Սակայն քանի դեռ չարտոնված թռիչքուղու եւ չարտոնված վայրէջքի վերաբերյալ կասկածները չեն փարատվել, մասնագետը կարծում է, որ գործ ունենք հնարավոր մեքենայության հետ։
«Հնարավոր է՝ գործ ունենք մեծ մախինացիայի հետ։ Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ Իրանում դեռ կան նմանօրինակ օդանավեր, և հնարավոր է՝ պայմանավորվել են իրանական ավիաընկերություններից մեկի հետ՝ վաճառելու այն։ Սակայն այստեղ մի նրբություն կա. եթե օդանավը վաճառվում է այլ երկրի, ապա պետք է պայմանագիրը կնքվի օդանավի սեփականատիրոջ կամ ներկայացուցչի հետ, մինչդեռ «Fly Armenia Airways»–ն ընդամենը Boeing 737–ի շահագործողն է»,–նկատեց Խաչատրյանը։
Նշենք, որ «Fly Armenia» –ն ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ սահմաններից դուրս բնակվող և աշխատող հայերին:
Հիշեցնենք, որ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ փետրվարի 21-ին ՀՀ ՔԱԿ-ը հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից։ Ըստ նրա ունեցած տեղեկությունների՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, սակայն «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: Այս առնչությամբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն երկու պարզաբանում է տարածել՝ նախ հայտնել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին, ապա նշել, որ նշված օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:
«Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու եւ չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,–ասված է կոմիտեի տարածած երկրորդ հաղորդագրությունում։




























