«Իսկանդերների» թեմայով բոլոր հնարավոր քննարկումներն ու բացատրություններն արդեն արվել են: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին հայտարարեց հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին:
Խաչատրյանը, մասնավորապես, կառավարության ղեկավարին հարցրեց, թե ինչո՞ւ այդ հայտարարություններն ընդհանրապես արվեցին եւ արդյո՞ք դրանք անելուց նա մտածել է հնարավոր հետեւանքների մասին: Կառավարության ներկայացուցչի խոսքով` բոլոր բացատրություններն արդեն տրվել են Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի կողմից: «Կարծում եմ ՝ այստեղ ավելացնելու բան չկա: Իսկ ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ես կարող եմ առաջարկել միայն ծանոթանալ վերջին հայտարարություններին, որոնցում ռուսական կողմը եւս նշում է, որ բոլոր հարցերը պարզվել են եւ որեւէ խնդիր չկա»,- ընդգծեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ հայկական 1in.am-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդերը» «չի պայթել կամ պայթել է միայն 10 տոկոսով»: Այդպես էր Փաշինյանը մեկնաբանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանը կարող էր հրթիռային համակարգեր օգտագործել Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը:




























