Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի, հատկապես՝ Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի շարունակական զարգացումը: Այս մասին այսօր` հունիսի 14-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեդիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Շվեդիան վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Բիլդտն անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացմանը, ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատմանը, գործարար կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Երկուստեք նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, բազմաթիվ հանդիպումները միջազգային հարթակներում՝ երկկողմ կապերին նոր լիցք հաղորդելու պատրաստակամության վկայությունն են: Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել հավելյալ ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում հարաբերություններն ընդլայնելու համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մանրամասն քննարկվել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես քննարկվել են ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ եւ վերահաստատվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:



























