Հայաստանի վերահսկիչ պալատն այսօր` հունիսի 13-ից Գեղարքունիքի մարզում ստւգումներ կիրականացնի: Այդ կապակցությամբ, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Գաղարքունիքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության:
Ինչպես բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումները:
Իշխան Զաքարյանը հայտնել է, որ ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության ուղղությամբ, ինչպես նաեւ` համայնքների մշակութային, կրթական եւ առողջապահական կենտրոններում: Վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ նախատեսվում են նաեւ մարզպետարանում` բյուջետային հատկացումների, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված միջոցների օգտագործման, գյուղատնտեսական ծրագրերի նաեւ մարզում ընթացող շինարարական աշխատանքների ուղղությամբ:
ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ այս ստուգումները չեն ներառի մարզի սոցիալական ոլորտը, քանի որ ողջ հանրապետությունում ոլորտը վերահսկվում են ՎՊ հատուկ հանձնաժողովների կողմից: Այս պահին ստուգումներ են ընթանում Երեւանում եւ Արարատի մարզում, մինչեւ տարեվերջ կստուգվի նաեւ Գեղարքունիքի մարզը: Ի.Զաքարյանը եւս մեկ անգամ հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանով մինչեւ 2011-ի ավարտը սոցիալական ոլորտը պետք է ստուգվի ամբողջությամբ:
Ի. Զաքարյանը շեշտել է, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, մինչեւ ստուգումները պալատի համապատասխան վարչությունները դիմել եւ ստացել են մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, դրանց հիման վրա գնահատվել են ռիսկերը ուստի ստուգումները կանցկացվեն հենց ռիսկային համարվող տարածքներում: Վերահսկողությունը խիստ է լինելու հատկապես նախորդ ստուգումների ընթացքում բացահայտված թերացումների ուղղությամբ:



























