«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում սկանդալային միջադեպի հետ կապված դեռեւս ոչ մի անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Շահեն Տոնոյանը՝ նշելով, որ ներկայումս ճշտվում է միջադեպի մասնակիցների մեղավորության աստիճանը։ Նախաքննությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 3-ին բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անփութության պատճառով վիրահատության էր ենթարկվել պլանային հետազոտության եկած 5-ամյա Նարեկ Դանիելյանը։ 2008թ.-ին Նարեկը թոքերի ծանր վիրահատություն էր տարել, եւ ծնողները նրան պարբերաբար բերել են կենտրոն՝ ռենտգենյան ճառագայթներով նկարահանման եւ հետազոտության։ Իրականում վիրահատության պետք է ենթարկվեր 7-ամյա Գեւորգ Մովսիսյանը։ Ըստ բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի՝ թյուրիմացությունն առաջացել է բժիշկների պրակտիկայում կիրառվող մեթոդի պատճառով։ «Երեխային հոգեբանական տրավմայից հեռու պահելու (չվախեցնելու խմբ.) համար մանկաբուժությունում ընդունված է վիրահատության մասին նրան չտեղեկացնել, այլ ասել, որ տանում են ռենտգենի։ Այս անգամ բուժքույրը հարցրել է՝ ո՞վ է սպասում ռենտգենի, Նարեկի ծնողները պատասխանել են՝ մենք»,- ասել է Դալլաքյանը։ Ըստ նրա՝ Նարեկի ծնողները շատ լավ իմացել են ռենտգենի կաբիօնետի տեղը, սակայն երեխային, բուժքրոջ ուղեկցությամբ, ճանապարհել են մինչեւ վիրահատարան։ Որոշ ժամանակ անց, երեխայի ծնողները՝ հասկանալով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, աղմուկ են բարձրացրել։ Մինչեւ այդ բժիշկները հասցրել են 3 սանտիմետրանոց կտրվածք կատարել երեխայի մարմնին։




























