Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել են երկու երկրների պատրաստակամության մասին շարունակել համագործակցությունը 2011-ի երկրաշարժից եւ ցունամիից տուժած ճապոնական տարածքների լիովին վերականգնման ուղղությամբ: Այս մասին ասվում է երկու առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը հինգշաբթի հրապարակվել է Ճապոնիայի կառավարության ղեկավարի գրասենյակի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ երկու երկրների իշխանությունների եւ քաղաքացիական անձանց սերտ փոխգործակցությունը Ճապոնիայի հյուսիս-արեւելքում բնական աղետների հետեւանքների վերացման համար «վկայում են Տոկիոյի եւ Վաշինգտոնի անխախտ բարեկամության մասին»:
Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին ողբերգության տասներորդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում ասել էր, որ ճապոնացիները երբեք չեն մոռանա, թե ինչպես այլ երկրներ իրենց օգնություն եւ աջակցություն ցուցաբերեցին 2011-ի իրադարձությունների ժամանակ:
2011 թվականին երկրաշարժն ու ցունամին առնվազն 18.4 հազար մարդու կյանք խլեցին, եւս 3.7 հազար մարդ մահացավ հետագա տարիներին սրված հիվանդություններից եւ վերապրածի հետ կապված այլ պատճառներից: Ամենամեծ վնասը հասցվել է Միյագի, Իվատե եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին: Վերջինս հայտնի դարձավ ամբողջ աշխարհում համանուն ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով, որի հետեւանքների հետ Ճապոնիան ստիպված է գործ ունենալ մինչ օրս:





























