Քեզ համար կուռքեր մի կերտիր, որպեսզի հետո չհիասթափվես: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում նման կարծիք հայտեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ մեկնաբանելով ԳՇ պետի պաշտոնից հեռանալու Օնիկ Գասպարյանի համաձայնությունը: 

Մելիքյանը նշեց, որ ԶՈւ-ի եւ իշխանության միջեւ փետրվարի 25-ից նկատվող տարաձայնությունները որոշ չափով միջնորդավորված էին իրավաբանական հանրության կողմից, ընդ որում, փաստաբանները ներկայացրել են գործընթացի իրավական կողմի վերաբերյալ մի քանի տեսակետ: Իրավապաշտպանը նշեց, որ անձամբ իր համար զարմանալի է, որ Օնիկ Գասպարյանն ընդունեց օրենքի ուժով իր լիազորությունները դադարեցնելու մեկնաբանությունը: «Քանի որ կային այլ շատ համոզիչ փաստարկներ: Օնիկ Գասպարյանը որոշեց դիմել Վարչական դատարան, դա իր որոշումն է: Քեզ համար կուռքեր մի կերտիր, որպեսզի հետո չհիասթափվես: Թող սա դաս լինի: Չմոռանանք, որ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանից ընդունեց գեներալ-գնդապետի կոչում: Չկենտրոնանանք այդ անձի վրա: Մի կողմից որոշումը համարել հակասահմանադրական, մյուս կողմից՝ համաձայնել»,-նշեց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբում երեկ կայացած հանդիպմանը, ապա Մելիքյանը նկատեց, որ գեներալները չէին ենթադրում, որ Փաշինյանի այցի նպատակը 10 վայրկյանանոց տեսանյութն է, որում նրան ողջունում են: Իսկ ահա տեսանյութը դիտողին չի հետաքրքրում, որ հետո նրանք սուր հարցեր են տվել:

Ինքը՝ Մելիքյանը, կարծում է, որ այդ մի քանի վայրկյանները չպետք է լինեին: «Նրանք, ովքեր կապ ունեն ազգային աղետի պատճառների հետ, պետք է մնան առանց ձեռքսեղման: Սակայն մենք տեսանք, որ գեներալներն այդպես չեն կարծում: Գուցե դա նրանից է, որ նրանց մանկուց սովորեցրել են կարգապահություն եւ քաղաքավարություն»,-ասաց Մելիքյանը:

Հարցին, թե ինչու ԳՇ-ն քայլեր չի ձեռնարկում, իրավապաշտպանը պատասխանեց, որ ինքը վստահ չէ՝  ընդհանրապես եղե՞լ է այդպիսի ծրագիր: «Նա, ով ցանկանում է, անում է եւ հրապարակային հայտարարություններով հանդես չի գալիս: Միգուցե նրանք վախենում էին պատասխանատվությունից: Ճիշտ կլիներ քայլեր ձեռնարկեին պատերազմի օրերին: Ամեն մեկը չի կարող պատասխանատվություն ստանձնել: Մեկ այլ պատճառ է Հայաստանի վարկանիշի, վատ հետեւանքների մասին մտածելը: Չպետք է մոռանալ խաղի կանոնների մասին: Աշխարհը ծափողջույններով չի ընդունի նման քայլերը: Չնայած դրան՝ կան օրինակներ, երբ այդ քայլներն օգնել են խուսափել աղետից: Սակայն այսօր մեզ պետք են ռիսկի դիմող մարդիկ: Մենք արդեն կորցնելու ոչինչ չունենք: Կորցրել ենք Հայրենիքը, համահայրենակիցներին, նյութական կորուստների մասին չեմ խոսում: Ամենակարեւորն ենք կորցրել՝ արժանապատվությունը: Մենք այլեւս չենք կարող բարձր գլխով ման գալ նույնիսկ սեփական երկրում: Վերականգնումը պետք է սկսել արժանապատվությունից: Առանց դրա մնացածն անիմաստ է»,-նշեց Մելիքյանը: