Հորդանանի առողջապահության նախարարը շաբաթ օրը հրաժարական է տվել՝ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող հիվանդանոցում թթվածնի մատակարարման ընդհատումների պատճառով 6 հիվանդների մահվանից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ մահացած հիվանդների զայրացած հարազատներին զսպելու համար ոստիկանությունն է ներգրավվել:
Նախկինում թթվածնի մատակարարման խափանումներ էին գրանցվել երկրի մայրաքաղաք Ամմանի մոտ գտնվող «Սոլթ» պետական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, ծննդատանը եւ կորոնավիրուսով պացիենտների հիվանդասենյակներում։
Կառավարության մամուլի քարտուղարն ասել է, որ երկրի վարչապետ Բիշեր ալ-Խասաունան առողջապահության նախարար Նադիր Օբեյդատին խնդրել է հրաժարական տալ՝ կապված այն վթարի հետ, ինչի համար նախարարը «բարոյական պատասխանատվություն է կրում»:
Նախարարի խոսքով՝ նախաքննությունը ցույց է տվել, որ վեց մարդ մահացել է բաժանմունքներին թթվածնի մատակարարումը մեկ ժամ դադարելու հետեւանքով, եւ որ դատախազությունը զբաղվում է այս գործով:
Ավելի ուշ Հորդանանի թագավոր Աբդուլլահը այցելել է հիվանդանոց:
Հորդանանում կորոնավիրուսային վարակի բռնկում է դիտարկվում, ինչը հիմնականում բացատրվում է բրիտանական շտամի բարձր վարակայնությամբ: Անցյալ շաբաթ երկիրը հայտարարել է COVID-19-ի տարածումը զսպելու միջոցառումների խստացման մասին, իսկ ուրբաթ օրերին լիարժեք կարանտին է մտցվել:
Հինգշաբթի օրը երկիրը հաղորդել է կորոնավիրուսով վարակման 8300 նոր դեպքի մասին, որը ամենօրյա ամենաբարձր ցուցանիշն է մեկ տարի առաջ թագավորությունում համավարակի հայտնվելուց հետո:
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Հորդանանում գրանցվել է կորոնավիրուսի 385 533 դեպք եւ մահվան 5224 դեպք։





























