Թուրքական դատարանը լրագրող Հաքան Այգյունին դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման՝ սոցցանցում գրառում կատարելու համար, հաղորդում է Diken-ը:

Այգյունը դատապարտվել է պայմանական պատժի այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել «թշնամանք կամ ատելություն հրահրելու» եւ «կրոնական արժեքները վիրավորելու» մեջ՝ 2020թ. մարտին Twitter-ում իր գրառման պատճառով, որում նա Ղուրանից տողերը ձեւափոխելով ծաղրել է համավարակի ժամանակ կառավարության օգնություն տրամադրելու արշավը:

2020թ․ ապրիլի 2-ին Այգյունը այս գրառման համար բերման է ենթարկվել եւ հաջորդ օրը ձերբակալվել, իսկ մայիսին նրան ազատ են արձակել:

Լրագրողը դիմել է Սահմանադրական դատարան, որն անցյալ տարի Այգյունի իրավունքները ոտնահարելու մասին որոշում է կայացրել, եւ նրան որպես փոխհատուցում վճարվել է 40 000 լիրա (5334 դոլար):

Լրագրողն ասել է, որ թվիթի գործով դատարանի վճիռը կբողոքարկի: