Հնդկաստանը հայտնել է կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ աճի մասին համավարակի բռնկումից ի վեր:
Առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում հաղորդել է COVID-19-ով վարակման 103.558 նոր դեպքի մասին, ինչը գերազանցում է նախորդ առավելագույնը՝ 97.894 ամենօրյա դեպք, որոնք գրանցվել էին սեպտեմբերի վերջին: Մահվան դեպքերի թիվն աճել է 478-ով՝ հասնելով 165101-ի, փոխանցում է AP-ն:
Ներկայումս Հնդկաստանում միջին օրական աճն ավելի քան 73.000 դեպք է կազմում, վարակման դեպքերի թիվը երկրում ավելի արագ է արձանագրվում, քան աշխարհի որեւէ այլ վայրում:
Այս աճին ամենամեծ նպաստողն արեւմտյան Մահարաշտրա նահանգն է, որտեղ գտնվում է Մումբայի առեւտրային մայրաքաղաքը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նահանգին բաժին է ընկել հանրապետությունում ընդհանուր դեպքերի 55 տոկոսից ավելին:
Նահանգի իշխանությունները երկուշաբթի սկսում են փակել կինոթատրոնները, ռեստորանները, առեւտրի կենտրոնները եւ տաճարները, իսկ հանգստյան օրերին լիարժեք լոքդաուն են սահմանում:
Հնդկաստանում ինֆեկցիաները մի քանի ամսով նահանջել էին, սակայն փետրվարի վերջին կրկին սկսեցին աճել: Այդ ժամանակվանից ի վեր նոր դեպքերի թիվը տասնապատկվել է:




























