Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի հետ քննարկել ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր: Նա այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ օրակարգում նշված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բոլոր ոլորտներին առնչվող թեմաներ: Փաշինյանը նշել է, որ հիմա հայկական Զինված ուժերում արդեն մեկնարկել է մասշտաբային բարեփոխումը, որն իրականացվում է նաեւ ռուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: «Համոզված ենք, որ այդ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի, որով շատ հետաքրքրված է Հայաստանի կառավարությունը»,- ասել է վարչապետը:
«Պետք է ասեմ, որ մենք արդեն սկսել ենք բանակի լայնամասշտաբ բարեփոխումը, եւ բնականաբար, հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր սերտ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ այժմ իրականացվում են համապատասխան խորհրդատվություններ, անհրաժեշտ կապերն արդեն հաստատվել են փորձագիտական մակարդակում»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրելու գործընթացը եղել է եւ կլինի մեր գերակայություններից մեկը, եւ այդ հարցը միշտ կլինի ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի շրջանակում կկայանա Պուտինի հետ հանդիպումը:




























