Etihad Airways պետական ավիաընկերությունն ուղիղ կոմերցիոն ուղեւորափոխադրումներ է սկսել իրականացնել Աբու Դաբիից Թել Ավիվ:

Առաջին ուղեւորներից էին Իսրայելում ԱՄԷ-ի դեսպան Մուհամեդ ալ-Հաջան եւ ԱՄԷ-ում իսրայելական առաքելության ղեկավար Էիթան Նայեն:

Etihad-ը տեղեկացրել է, որ սկզբնական փուլում շաբաթական երկու չվերթ կառաջարկի Թել Ավիվի եւ Աբու Դաբիի միջեւ:

ԱՄԷ-ի եւ Իսրայելի մյուս ավիաընկերությունները եւս ուղիղ թռիչքներ են բացել:

Պարսից ծոցի արաբական պետությունը, չնայած համավարակին, սիրված ուղղություն է դարձել իսրայելցի զբոսաշրջիկների համար: ԱՄԷ-ն եւ Իսրայելն այն երկրների շարքում են, ովքեր COVID-19-ի դեմ պատվաստումների ամենաարագ ծրագրերն ունեն աշխարհում:

Նշենք, որ ԱՄԷ-ն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել էր անցյալ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում: