Առնվազն 10 թաիլանդցի նախարար եւ տասնյակ օրենսդիրներ ինքնամեկուսացվել են չորեքշաբթի մայրաքաղաք Բանգկոկում վարակակիրների հետ շփումից հետո՝ վարակման դեպքերի կտրուկ աճի ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Թաիլանդի տրանսպորտի նախարար Սաքսիամ Չիդչոբը չորեքշաբթի տեղական հեռուստատեսությանը հայտնել է, որ վարակվել է COVID-19-ով: Ընդ որում, նրա «Բհումջաիթհայ» ​​կուսակցությունը հայտարարել էր, որ այլ նախարարներ, օրենսդիրներ եւ կոալիցիոն քաղաքական գործիչներ շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ:

Անցյալ շաբաթ Թաիլանդում վարակման դեպքերի թռիչք էր նկատվել՝ չնայած երկրի որոշ հարեւանների համեմատ թվերը դեռ ցածր են՝ շնորհիվ ավելի քան մեկ տարի սահմանների խիստ վերահսկողության, կարանտինի, թեստավորումների:

Իշխանությունները չորեքշաբթի հաղորդել են կորոնավիրուսով վարակման 334 նոր դեպքի մասին, ընդ որում, մահվան նոր դեպքեր չեն եղել, ինչի արդունքում Թաիլանդում դեպքերի ընդհանուր թիվը 29 905 է կազմել, իսկ զոհերի թիվը՝ 95:

Վարչապետ Պրայութ Չան-օչան չորեքշաբթի իր կաբինետի շաբաթական վիրտուալ ժողովն է անցկացրել եւ նախարարներին կոչ է արել խուսափել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումից:

Բանգկոկի իշխանություններն այս շաբաթվա սկզբին քաղաքի երեք թաղամասերում 196 ժամանցի վայր էին փակել երկու շաբաթվա ընթացքում՝ կլաստերների առաջացումից հետո, որտեղ ավելի քան 250 մարդ էր վարակվել կորոնավիրուսով:

Հունիսին Թաիլանդը մտադիր է զանգվածային պատվաստման արշավ սկսել եւ պատվաստում է բուժաշխատողներին կամ առավել խոցելի համարվող մարդկանց: