Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու առաջարկի մասին հայտարարությունը վերագրվում է բացառապես քաղաքական հռետորությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Փաշինյանը, նրա խոսքով, փորձում է մանեւրել, եւ այդ հայտարարության հիմքում չկան հստակ հաշվարկներ եւ պրագմատիկ նպատակադրումներ: Փորձագետը պարզաբանել է, որ հաշվի առնելով Հայաստանում քաղաքական ճգնաժամն ու դրա կարգավորման հարցում ռուսական գործոնի դերի ընկալումը՝ Փաշինյանը փորձում է միայն ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ: «Այսօր Հայաստանում չկա խաղաղ ատոմի զարգացման հստակ մշակված ռազմավարություն: Երկրի գործող իշխանությունները գտնվում են շատ կոշտ սահմաններում էներգետիկայի ոլորտում, որոնք ձեւավերված են որոշ արեւմտյան ինստիտուտներում: 2018 թվականից ընթանում են ակտիվ բանակցություններ եւ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպումներ Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ի մասին: Դա ենթադրում է Հայաստանում խաղաղ ատոմի զարգացումից հրաժարում, քանի որ մոդուլային ԱԷԿ-ը սովորաբար կիրառվում է որպես պահուստային միջոց: Կա USAID-ի հետ համատեղ ծրագիր, որում շեշտադրվում է վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտը եւ շատ քիչ ուշադրություն է դարձվում ատոմային էներգետիկայի զարգացմանը»,-հավելել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը: