Արարատի մարզում այսօր` հունիսի 20-ին ժամը 22:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում իրար են բախվել Opel Vektra մակնիշի 18 ՕՕ 314 համարանիշի եւ «ԵՐԱԶ» մակնիշի 14 ՏՍ 529 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով «ԵՐԱԶ»-ը շրջվել է: Վթարի վայրից մարմնական վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել «ԵՐԱԶ»-ի 2 ուղեւորները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանության աշխատակիցները` հրամանատար ԱնդրանիկՇաղոյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը, իսկ քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Պավել Եղիազարյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Մասիսի ոստիկանության տուգանային հրապարակ:
«ԵՐԱԶ» ավտոմեքենան վարել է 52-ամյա Ավետիք Սեդրակյանը, իսկ Opel Vektra-ն վարել է 35-ամյա Արմենակ Մելյանը: Վերջինս, ըստ ականատեսների, պաշտպանության նախարարության աշխատակից է` զինվորական:
Քիչ անց քննիչը մեկնելու է հիվանդանոց, որպեսզի ճշտի հիվանդանոց տեղափոխված ուղեւորների ինքնությունը:
Երթեւեկությունը նշված հատվածում կարգավորված է, խցանումներ չկան: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանության աշխատակիցները կարողացել են բացել խցանումը:
Շտապ դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության աշխատակիցները:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























