Երեւանում հունիսի 19-ին Երեւանյան լճի տարածքում տղամարդու դիակ հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով (Սպանություն): Քրգործը հարուցվել է այսօր` հունիսի 21-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստյոպա Մովսիսյանի դիակի դատական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ գլխի եւ մարմնի վրա կան բռնության հետքեր: Ոստիկանությունը վարկածների շարքում է  դասում այն, որ հնարավոր է` 65-ամյա Ստյոպա Մովսիսյանին վրաերթի են ենթարկել, ապա մահացած վիճակում բերել եւ նետել ձորակը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 19-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւանյան լճի տարածքում տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Փրկարարները տղամարդու դիակը դուրս էին բերել Նաիրի մարզադաշատին հարակից ձորակում գտնվող առվակի միջից:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Պետրոսյանը:

Տղամարդու գրպանում անձնագիր էր եղել, ըստ որի` նա Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 65-ամյա Ստյոպա Մովսիսյանն է:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի