«Սարդարապատ» շարժումը Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել են իրենց մտահոգությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Կազան քաղաքում Արցախյան հարցի կարգավորման հերթական հանդիպումը ուղեկցվում է միջազգային ճնշումների աննախադեպ մեծացմամբ եւ բանակցող ուժերը հայկական կողմին փորձում են ստիպել ընդունելու հայ ժողովրդի կենսական շահերին հակոտնյա կարգավորման սկզբունքներ, ինչի կատարումը կբերի ազատագրված հայրենիքի կորստին եւ Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությանը:

Մինսկի խմբի համանախագահ երկրները հետապնդելով սեփական երկրների շահերը այս տարածաշրջանում, կրկին փորձում են Հայաստանից կորզել առավելագույն զիջումներ եւ խախտել առկա ստատուս-քվոն, ինչը տարածաշրջանում կտրուկ կփոխի ուժային որոշ կենտրոնների մարտավարական եւ ռազմավարական քայլերը հարցի կարգավորման առընչությամբ եւ կառաջացնի պատերազմական գործողությունների վերսկսման մեծ վտանգ:

Հերթական արկածախնդրությամբ առաջնորդվող Բաքվի ռեժիմը, պատերազմի վերսկսման սպառնալիքի հնչեցումով, հայությունից փորձում է ստանալ զիջումներ, մոռանալով, որ 1994թ. մայիսի 12-ին Հայաստանին իրենք խնդրեցին ստորագրել հրադադարի մասին փաստաթուղթ:

Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը մեծացնում է  վերջիններիս խոցելիությունը եւ պարտվողական կեցվածքը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, եւ միջազգային հանրությունն ու Բաքուն բանակցություններում ելնում են այդ իրողություններից:

Հայության ներուժը, հայրենիքը պաշտպանելու հայ մարդու պատրաստակամությունը, բարոյականության եւ արդարարության հենքի վրա խարսխված պետական կառավարման համակարգն ու ազգընտիր իշխանություններն այն հիմնական կռվաններ են, որոնք կկանխեն եւ կվիժեցնեն Հայոց հայրենիքի մի մասը օտարելու ցանկացած մտադրության իրականացում: 

«Սարդարապատ» նախաձեռնությունը, շարժման համախոհները սկզբունքային եւ վճռական են իրենց կեցվածքում հայրենիքի սակարկմանն ուղղված ցանկացած գործողություն կասեցնելուն, Արցախում օտարերկրյա զինուժի ներկայությունը բացառելուն, եւ պատրաստակամ են նպաստել հայության ներուժի կազմակերպմամբ ազատագրված Արցախի բազմակողմանի զարգացմանը, Արցախի, որպես Հայաստանի անքակտելի մաս հանդիսանալու իրավա-քաղաքական ամրագրմանը, այն կյանքի կոչելու կարեւորագույն երաշխիք համարելով Հայաստանում պետության կայացումը եւ աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղումը»: