ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեռ չգիտի՝ պատրաստ է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ ինչ-որ այլ տեղ Մոսկվայից բացի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ասել է, որ Մոսկվան կոնֆլիկտի կողմ չէ, եւ Դոնբասի հարցով խոսել Ռուսաստանի հետ պետք չէ:

«Այդ մասին պետք է խոսել «քառյակի» շրջանակում: Ինքը՝ Պուտինը, նշել է, որ երկկողմ հարաբերությունների մասին խոսելու դեպքում պատրաստ է հանդիպել Զելենսկիին Մոսկվայում: Այլ կոնկրետ ձեւակերպումներ դեռ չեն եղել»,-նշել է Պեսկովը:

Ապրիլի 20-ին Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Դոնբասի ցանկացած կետում»:

Զելենսկին ավելի ուշ նշել է, որ «Պուտինի հետ երկխոսության իդեալական վայր է Վատիկանը»: Վատիկանում դիվանագիտական աղբյուրները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Զելենսկին նման առաջարկը չի քննարկել Սուրբ Աթոռի հետ: