Կատարի արտաքին գործերի նախարարը կողմ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի` Իրանի հետ երկխոսության կոչին: «Մենք աջակցում ենք Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի կոչին` տարածաշրջանում, այդ թվում նաեւ Իրանի հետ բարիդրացիության եւ երկխոսության սկզբունքների վրա հիմնված արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- գրել է Կատարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլռահմանը` վկայակոչելով Մուհամեդ բեն Սալմանին, հայտնում է The New Arab-ը:
«ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանությունը, պետությունների ինքնիշխանության հարգումը եւ նրանց գործերին չմիջամտելը քաղաքակիրթ երկրների հիմքերն են»,- հավելել է նա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել էր, որ թագավորությունն «Իրանի հետ լավ հարաբերությունների» է ձգտում:
Վերջին մեկնաբանությունները նշանավորել էին նախորդ հարցազրույցների տոնայնության փոփոխությունը, որոնցում բեն Սալմանը քննադատում էր Թեհրանին` մեղադրելով տարածաշրջանային անկայունության խթանման մեջ:





























