2020-ի ընթացքում, չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառած իրավիճակին եւ այցելությունների մասով խիստ սահմանափակումներին, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները շուրջ 200 այցելություն են կատարել հանրապետության քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժանմունքներ եւ այլն: Այս մասին ապրիլի 30-ին Հայաստանի Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հանրապետության օմբուդսմենի գրասենյակի կողմից կատարված աշխատանքների տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Թաթոյանը, մասնավորապես, հավաստիացրեց, որ անձնակազմը ոչ մի ժամ չի դադարել աշխատել:
Նա նշեց, որ հատկապես անցյալ տարվա մարտ ամսից կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ շոկային հարված դարձավ մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի, ինչպես նաեւ ամբողջ երկրի հանրային առողջության համար:
«Այն ժամանակ մենք մի շարք մարտահրավերների բախվեցինք: Հիմնական մարտահրավերներից մեկն այն էր, որ սահմանափակումները շատ հաճախ փոխվում էին, եւ լուրջ խնդիր էր առաջանում բնակչության անբավարար իրազեկվածության առումով»,- ասաց օմբուդսմենը:
Նա հավաստիացրեց, որ ՄԻՊ գրասենյակն այդ ժամանակ աշխատում էր գրեթե շուրջօրյա, որպեսզի օգնի պետությանը բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման գործում:





























