Գերիների հանդեպ կոշտ վերաբերմունքն ու խոշտանգումները Ադրբեջանի իշխանության պետական քաղաքականությունն է: Այս մասին այսօր՝ապրիլի 30-ին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին Օմբուդսմենի գրասենյակի կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ արգելված զենք-զինամթերքի կիրառումից, վարձկանների ներգրավելուց, խոշտանգումներ կիրառելուց բացի առաջացավ այլ լրջագույն խնդիր՝ Ադրբեջանում ատելության եւ թշնամության տարածում:

«Այն էթնիկ հիմքի շրջանակում ընկած է բռնության, խոշտանգումների քաղաքականության հիմքում»,-նշեց Թաթոյանը:

Նա նշեց, որ նույնը եղել է նաեւ 2016 թվականի ապրիլին:

«Միանգամից բացվեցին թելեգրամ ալիքներ, որոնք, մեր կարծիքով, կապ ունեն Ադրբեջանի իշխանության հետ, եւ որոնք միտումնավոր տարածում էին բռնության տեսարաններ: Հատուկ կիսում էին տեսանյութը մի քանի մասի՝ ավելի շատ տառապանք պատճառելու համար»,-նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ շարունակվում է ատելության եւ թշնամական վերաբերմունքը: