ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ ներկայացված երկու` Հայոց Ցեղասպանության եւ քրիստոնեական դավանանքի ազատության մասին բանաձեւերից մեծ հավանականություն կա, որ կընդունվի երկրորդը: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը:
«Կրոնական փոքրամասնությունների մասին օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է: Սրանով ոչ թե փորձ է արվում միջամտել Թուրքիայի ներքին կյանքին, այլ միջազգայնորեն այն ամրագրված է»,- ասաց նա: Թուրքագետի խոսքով, օրինագծերը պատրաստ էին ապրիլին, բայց դրանք հենց այժմ են ներկայացվել, քանի որ սպասում էին Թուրքիայի ընտրությունների արդյունքներին:
Քրիստինե Մելքոնյանը նշեց, որ Թուրքիան որեւէ կերպ չի արձագանքել այդ երկու օրինագծերի հետ կապված: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության օրինագծի առկայությունը կրկին լարվածություն կառաջացնի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ:
«Թուրքիան կփորձի կրկին ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի վրա: Վերջին 11 տարիների ընթացքում հարցը քննարկման է դրվել 4 անգամ, հավանության է արժանացել, սակայն այդպես էլ քվեարկության չի դրվել»,- ասաց Քրիստինե Մելքոնյանը:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացվելու միանգամից երկու նոր բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության եւ քրիստոնեական դավանանքի ազատության մասին: Հայոց Ցեղասպանության բանաձեւը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդն ու Ադամ Շիֆը, կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ քաջալերում ԱՄՆ կառավարությանը՝ դասեր քաղել այս ողբերգական իրադարձություններից` կանխելու մարդկության նկատմամբ իրականացվելիք հետագա հանցագործությունները:
Դավանանքի ազատության բանաձեւն ուղղված է Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելուն, որպեսզի այս պետությունը լիակատար կերպով ճանաչի իրենց կրոնն ազատ դավանելու` քրիստոնյաների իրավունքները, այդ թվում՝ վերադարձնի զավթած եկեղեցիները հայերին, հույներին, ասորիներին, պոնտացիներին, սիրիացիներին եւ քրիստոնյա այլ համայնքներին: Առայժմ հայտնի չէ, թե երբ քննարկումը կլինի:




























