Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ մայիսի 3-ին, հետաձգվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի՝ քրեական գործ հարուցելու եւ իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները վերացնելու մասին բողոքը։

NEWS.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ բողոքը վերաբերում է անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության հարցին, մասնավորապես, մինչեւ քրեական գործ հարուցելը եւ իրեն մեղադրանք առաջադրելն անհրաժեշտ էր անձեռնմխելիության պատնեշն անցնել։

Նշենք, որ բողոքներից մեկը մակագրվել է դատավոր Դավիթ Հարությունյանին, մյուսը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ Անդրանիկ Սիմոնյանի եւ իր միջեւ առերես հարցաքննություն է եղել, նա փորձել է պնդել իր ցուցմունքը։