«Էդ ի՞նչ երկխոսություն է, որը կուլիսների հետեւում է ծավալվում. կասե՞ք գոնե մի թեմա, որի շուրջ բանակցում եք Հայ ազգային կոնգրեսի հետ»,- հունիսի 22-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հռետորական հարցեր ուղղեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանին։
«Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրար հետ բանակցում են արդեն 20 տարի։ Դուք՝ երկու ուժերդ, իրար PR եք անում, եւ քաղաքականությունը, որը ներկայումս իրականացվում է, պլանավորված է նախօրոք։ Ո՞վ է իշխանությունների հետ բանակցում. ժողովո՞ւրդը, թե նախկին քաղաքապետերից ու այլ պաշտոնյաներից կազմված ՀԱԿ-ը։ Թեպետ բոլոր լծակները Հանրապետականի ձեռքում են, սակայն նա վախենում է ժողովրդից, վախենում է, որ նա «սպայկա» կլինի ու կբռնկվի»,- կարծիք հայտնեց Տիգրան Կարապետյանը։
Նշենք, որ մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է 3-5 հոգանոց պատվիրակություն կազմել (այն արդեն կազմվել է), որն էլ կսկսի իշխանությունների հետ բանակցությունները, մինչդեռ իշխանական թեւը հրաժարվում է բանակցությունների ձեւաչափից եւ կողմ արտահայտվում սովորական քննարկումներին։




























